Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը

Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը

Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով: Այդ ազդեցությունը բացատրվում է հետևյալ կերպ. եթե մարդը մեզ հաճելի է արտաքնապես, ապա մենք սկսում ենք գերագնահատել նրա այլ հատկանիշները: Նա, ով մեզ ավելի հաճելի է, միանգամից մեզ համար դառնում է ավելի խելացի, ավելի ընդունակ, բարի և այլն: Սակայն կարևոր է հիշել այն փաստը, որ արտաքինը կարևոր է հատկապես առաջին պահին և եթե դրա թողած տպավորությունը չի ամրապնդվում հետագայում ներքին դրական բովանդակությամբ, ապա մարդը կարող է խորը հիասթափություն ապրել: Սրանից հետևում է, որ արտաքին գրավչությունը զենք է խելացի մարդկանց համար, ովքեր գիտեն՝ ինչպես օգտագործել այն: Այն տրվում է ոչ բոլորին, սակայն սեփական կերպարը կատարյալ դարձնել կարող են ամենքը. դրան կարելի է հասնել դրես-կոդի օգնությամբ:

 

Դրես-կոդը (“Dress code”  թարգմանաբար նշանակում է հագուստի կոդեքս):  Այն որոշակի կանոնների ամբողջություն է, որը կազմակերպության անդամներին թելադրում է հագուստի հստակեցված ոճ: Այդ կանոնները կարող են նշված լինել կազմակերպության կանոնակարգում, աշխատանքային ներքին կանոնակարգում, աշխատանքային պայմանագրում. դրանք ներկայացվում են հրամանով ` գրավոր կամ բանավոր տեսքով:

 

«Դրես-կոդ» տերմինը ծագել է Անգլիայում և, այնուհետև, արագ տարածում գտել ամբողջ աշխարհով մեկ: Այն կիրառվում է հագուստի ոլորտում կանոնների հստակեցմամբ, որը ցույց է տալիս մարդու պատկանելությունը որոշակի աշխատանքային խմբին: Դրես-կոդը համարվում է կազմակերպության կորպորատիվ մշակույթի շարունակությունն ու դրա ֆիրմային անվանումի անբաժան մասը:

 

Ինչպես նշվեց, աշխատակցի համապատասխան արտաքին տեսքը կարևոր նշանակություն ունի,  այն մատնանշում է գործերի ընթացքը կազմակերպությունում, ցույց տալիս հարգանք աշխատանքային գործընկերների ու հաճախորդների նկատմամբ: Աշխատակցի հագուստի վերաբերյալ պահանջները կարող են մանրակրկիտ կերպով նկարագրված լինել աշխատանքային պայմանագրում, որը խախտելը կարող է բերել համապատասխան պատասխանատվության: Դրես-կոդի հարցերով զբաղվում է HR-մենեջերը և ոճաբանը: Դրես-կոդը կոնկրետ աշխատանքային հագուստ չէ, այն չի սահմանափակում մարդու անհատականությունն ու սեփական արտաքինի հանդեպ ստեղծագործական մոտեցումը:

 

Դրես-կոդն ունի ազդեցության երկու ուղղություն` արտաքին և ներքին: Արտաքին ազդեցությունը պայմանավորված է նրանով, թե ինչպիսի տպավորություն են թողնում  կազմակերպության միանման  հագուստով աշխատակիցները հաճախորդների, համագործակցող կազմակերպությունների վրա. չէ՞ որ միանման հագնված մարդիկ դիմացինի աչքերում ամբողջական կերպար են ստեղծում: Աշխատակցի արտաքին տեսքն էլ կարևոր նշանակություն ունի կազմակերպության մասին կարծիք կազմելու համար. այն կարող է բարեկեցության, կազմակերպության հաջողության, նույնիսկ արտադրանքի բարձր որակի ցուցանիշ համարվել:

 

Դրես-կոդի ներքին ազդեցությունը ո՛չ պակաս կարևոր է, քան արտաքինը: Աշխատակազմի հագուստի նույն ձևը ընդհանրության, միասնականության կարևոր զգացում է առաջացնում: Ասում են` դեռևս  Ալ. Մակեդոնացին  նկատել էր, որ երբ զինվորները միանման էին հագնված լինում, նրանց մարտական ոգին ավելի էր ուժեղանում:

 

Դրես-կոդ սահմանելով` կազմակերպությունն ընդգծում է իր կարգավիճակն ու աշխատանքային տրամադրություն ստեղծում աշխատակիցների մոտ: Ցանկացած կնոջ էլ չի խանգարի աշխատել սեփական կերպարի  ձևավորման վրա: Նոր աշխատանքի ընդունվելիս անհրաժեշտ է դրական տպավորություն թողնել և ձգտել ընդգրկվել նոր աշխատակազմի մեջ: Եթե մեծամասնությունը խիստ ոճի կոստյումներ է կրում, ապա հարկավոր է կրկնօրինակել դրանցից ամենաչեզոքները, օրինակ` բաճկոն ու կիսաշրջազգեստ: Այսպես` ամառային սեզոնին ցանկալի է նախապատվությունը  տալ երկնագույն, բաց կանաչ ու բաց մանուշակագույն երանգներին, իսկ ձմռանը` կապույտ, մանուշակագույն, մուգ մոխրագույն և սև երանգներին: Ըստ հոգեբանների` շագանակագույն կոստյումն անհաջող ընտրություն է: Կոշիկները պետք է 3-4 սմ բարձրություն ունենան:

 

Եթե աշխատանքային գործունեության մեջ առաջընթաց եք ակնկալում, ապա Ձեր արտաքին տեսքի մեջ տղամարդկային տարրեր մտցրեք, քանի որ դա զուգորդվում է վստահության ու հուսալիության հետ: Օրինակ` Ձեր սովորական  պայուսակի փոխարեն օգտագործեք կաշվե աշխատանքային պայուսակ: Եթե Դուք արդեն ղեկավար եք, ապա փորձեք ընդգծել Ձեր հեղինակությունը հագուստի միջոցով: Այն պետք է ավելի թանկարժեք լինի, քան ենթականերինը: Հայտնի վարպետների կողմից էլեգանտ զարդարանքն ու օծանելիքը միայն կլրացնեն Ձեր` ղեկավարի  կարգավիճակը: Սակայն, նշենք, որ  կան նաև որոշակի արգելքներ: Կտրականապես չի կարելի հագնել մինի, մաքսի կիսաշրջազգեստներ, կրծքի մասում խորը բացվածքով հագուստ,  կոնքի հատվածում ճեղքով, նախշավոր կամ ծաղկավոր հագուստ: Կտորեղենը կարող է շատ տարբեր լինել, սակայն այն հիմնականում պետք է լինի դասական ոճի: Գործնական հագուստում ամենից հարմարը  համարվում են մուգ երանգներից մուգ կապույտը, մուգ մոխրագույնը, շագանակագույնը, սևը և կապտականաչը, իսկ բաց երանգներից` մարմնագույնը և բաց մոխրագույնը:

 

Դրես-կոդի կանոնները սովորաբար կախված են լինում կազմակերպության առանձնահատկություններից: Հագուստի ոճերից ամենախստապահանջը բնորոշ է բանկային ոլորտի աշխատողներին: Շատ խիստ են  հետևում իրենց աշխատակիցների արտաքին տեսքին նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռեստորանա-հյուրանոցային բիզնեսը, ապահովագրությունը, վճարովի առողջապահությունը և կրթությունը:

 

Դրես-կոդը ենթադրում է, որ չի կարելի երկու օր անընդմեջ  կրել միևնույն հագուստը: Դուք պետք է նվազագույնը երեք-չորս զույգ անդրավարտիք ունենաք, երկու-երեք բաճկոն, նվազագույնը` հինգ վերնաշապիկ, ընդ որում` դրանք պետք է համահունչ լինեն իրենց գույնով, ձևով, և այդ ժամանակ տարբեր ձևերով դրանք համադրելով, Դուք կարող եք հաճախ փոխել զարդարանքը: Ներկայացուցչական մասնագիտություններում գործած, բրդե հագուստ կրելը արգելված է: Արգելվում է նաև պաշտոնական միջավայրում (բանակցություններ, հաճախորդների ընդունում...) հանել  բաճկոնը: Մի փոքր մանրամասնենք, թե ինչ կարելի է առաջարկել որպես դրես-կոդ տղամարդկանց համար:

 

Կոստյում

 

Սևը անփոխարինելի գույն է ընդունելության կամ այլ բնույթի հանդիսավոր միջոցառումների, ինչպես նաև սգո արարողությունների համար: Այն ցանկալի է համադրել մոխրագույնի հետ (սև բաճկոն, մոխրագույն անդրավարտիք և ընդհակառակը) գումարած որևէ աչքի ընկնող տարր, օրինակ` փողկապ: Դա ստեղծում է հեղինակավոր  մարդու իմիջ:

 

Մուգ կապույտ. կապված մաշկի, մազերի, աչքերի գույնից`ցանկալի է նախապատվությունը տալ   կապույտ գույնի երանգներին: Դրանցից որոշները կարող են Ձեր կերպարը դարձնել շքեղ կամ հասարակ: Այս գույնի կոնստյումով տղամարդիկ կարող են թողնել դասական բիզնեսմենի տպավորություն, սակայն, կապված վերնաշապիկի, փողկապի գույնից,  կերպարը կարող է վստահելի և գրավիչ լինել (բաց երանգներ) կամ խիստ ու պաշտոնական (սպիտակ վերնաշապիկ):

 

Մոխրագույն. բացառիկություն ու ճշգրտություն. ահա սրանք են այս գույնի բնութագրիչները: Այլ գույների հետ համադրություն ստեղծելու բազմապիսի հնարավորություններն այս գույնը դարձնում են ունիվերսալ: Մոխրագույն հագուստը թույլ է տալիս թողնել մի մարդու տպավորություն, ով ձգտում է բարձրացնել  իր սոցիալական կարգավիճակը և մաքսիմալ ազատություն ձեռք բերել իր գործողություններում:

 

Բաց մոխրագույն, մարմնագույն, գրեժ. այսպիսին է տղամարդու կոստյումի երանգների բազմազանությունը  ամառային եղանակին (բացառություն են կազմում խիստ պաշտոնական իրավիճակները, ուր նախընտրելի են մուգ երանգները):

 

Վանդակավոր կամ գծավոր կոստյում. որքան վառ է պատկերը, այդքան հագուստն ավելի քիչ պաշտոնական է: Եվ այսպես. բիզնեսմենի կոստյումը պետք է կազմված  լինի վերնաշապիկից, անդրավարտիքից և փողկապից: Ընդ որում, հագուստի գունային բանաձևը  հետևյալն է` միատոնություն-պատկեր-միատոնություն :Ինչ վերաբերում է օֆիսային աշխատանքի կոստյումին, ապա այս դեպքում  անթույլատրելի  են ոճային, ավանգարդային մոդելները, թույլատրելի` մենեզր և  երկեզր տարբերակները:

 

Կոստյում-եռյակ. նախկինում դա հնաոճ էր համարվում. այն կրողը կանգնում էր չափազանց պահպանողական երևալու վտանգի առջև, հիմա եռյակը նորից մոդայիկ է: Այսպիսի կոստյումն ավելի թանկարժեք է երևում, ուստի այն կրողը կթողնի մի մարդու տպավորություն, ով չի խնայում գումար` սեփական կերպարի կատարելագործման ու հարգանք ստեղծելու համար:

 

Անդրավարտիքի կարը. ավանդական, դասական` ոչ նեղ, ոչ լայն: Գրպանները   չպետք է «դուրս ցցվեն»: Գոտին կամ բարձրացնող պարագաները պարտադիր են: Գոտին պետք է ամենամուգ իրը լինի Ձեր պահարանում: Կանգնած ժամանակ` անդրավարտիքը  ետևից  պետք է հասնի կոշիկի կրունկին, իսկ առջևից` փակի կապիչների համար նախատեսված վերին անցքերը:

 

Վերնաշապիկներ

 

Օֆիսում կրում են միայն բաց երանգներով վերնաշապիկներ: Եթե երեկոյան պլանավորված են որոշակի հանդիսավոր արարողություններ, ապա անպայման անհրաժեշտ է սպիտակ վերնաշապիկ կրել: Նրանցից պետք չէ հրաժարվել նաև ցերեկը` պաշտոնական հանդիպումների ժամանակ: Որքան մուգ է վերնաշապիկի գույնը, այդքան այն առօրեական հագուստի տպավորություն է թողնում:

 

Փողկապներ

 

Փողկապը կոստյումի  կարևորագույն պարագաներից է: Ուշադիր եղեք այդ աքսեսուրարն ընտրելիս, քանի որ այն անցաթուղթ է մի հասարակություն, որտեղ Դուք պետք է Ձեր հնարավորություններին ու ձգտումներին համապատասխան տեղ գրավեք: Փողկապի լայնությունը պետք է  հավասար լինի բաճկոնի դարձածալի լայնությանը (միջին մասում): Փողկապի կտորը համադրվում է բաճկոնի կտորի հետ, բարակ կտորից կոստյումների համար` բարակ մետաքսից փողկապներ: Մինչդեռ խիտ, տաք կտորից բաճկոնի համար համապատասխանաբար պետք է առանձնացնել ամուր փողկապներ` բարակ բրդյա կամ  պինդ մետաքսե: Փողկապների համար նախատեսված կտորներից, անկասկած, նախընտրելի է մետաքսը: Փողկապի իդելական երկարությունը մինչև գոտու ճարմանդի մեջտեղն է: Փողկապը կարող է լինել մի քիչ ավելի երկար, եթե Դուք բարձրահասակ եք, և մի քիչ ավելի կարճ, եթե ցածրահասակ եք (1-3 սմ):  

 

Թաշկինակներ կրծքի հատվածում` նախատեսված գրպանների համար

 

Թաշկինակները կարող են լինել մետաքսե կամ բամբակե: Թաշկինակը գրպանից  պետք է երևա մոտ 1,5–3 սմ: Պաշտոնական իրադրություններում հարկավոր է ունենալ միայն սպիտակ թաշկինակներ: Փողկապն ու թաշկինակը չպետք է նույն գույնի լինեն:

 

Վերարկու  և թիկնոց

 

Վերին օղակի մենեջերն, անշուշտ, պետք է հրաժարվի ազատ ոճի բաճկոնից  և կրի վերարկու կամ թիկնոց: Նախընտրելի են մոխրագույն, մարմնագույն վերարկուները: Եթե Դուք հաճախ եք գտնվում պաշտոնական միջավայրում կամ մասնակցում արձանագրությունների հետ կապված բացօթյա լուրջ միջոցառումների, ապա խորհուրդ է տրվում կրել մուգ երանգների (մուգ կապույտ, սև) վերարկուներ:

 

Գուլպաներ

 

Աշխատանքային հագուստ կրելիս չմոռանա՛ք. գուլպաներն այնքան երկար պետք է լինեն, որ մերկ մաշկը չերևա: Դրանք պետք է ամուր լինեն ոտքի վրա, չսահեն ցած: Գուլպաները պետք է լինեն բացառապես միագույն` կոշիկների  կամ անդրավարտիքի երանգավորմամբ (վերջինս ավելի նախընտրելի է):


Կոշիկներ


Ցանկալի է կրել կաշվե կոշիկներ: Աշխատանքային կոշիկների  լավագույն գույներն են սևն ու մուգ շագանակագույնը: Ժամանակ առ ժամանակ քննադատորեն վերաբերեք Ձեր իմիջին և նախընտրեք այնպիսի հագուստ, որը կընդգծի Ձեր անհատականությունն ու կհամապատասխանի դրես-կոդին:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. style-lux.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ